Արմենիա Թի-Վի

Արմենիա Թի-Վի

«Արմենիա Թի-Վի»-ն հիմնադրվել է 1998 թվականին և առաջին անգամ եթեր է հեռարձակվել 1999 թվականի հունվարի 13-ին։ Իր գործունեության հենց սկզբից հեռուստաընկերությունն ապահովել է շուրջօրյա եթեր՝ ներկայացնելով սեփական արտադրության բազմաթիվ ծրագրեր և ֆիլմեր։

2000 թվականին «Արմենիա Թի-Վի»-ն Հայաստանում առաջինն էր, որը հեռարձակեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգան, իսկ հետագայում նաև Իտալիայի և Իսպանիայի առաջնությունները։ 2001 թվականից սկսած՝ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակվում արբանյակային կապով՝ ունենալով նաև սեփական շրջիկ արբանյակային կայան։

2002 թվականին «Արմենիա Թի-Վի»-ն Հայաստան բերեց միջազգային հեռուստաֆորմատներ և մինչ օրս շարունակում է հեռարձակել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղը։ Նույն թվականին հեռուստաընկերությունը ցուցադրեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

2002 թվականից սկսած՝ հեռուստաընկերությունն առաջիններից էր, որը նկարահանում էր ամանորյա բացառիկ ֆիլմեր արտերկրում՝ Դուբայում, Ամստերդամում, Փարիզում և Լոնդոնում։ 2004–2005 թվականներին այն առաջին անգամ կնքեց էքսկլյուզիվ պայմանագրեր հոլիվուդյան կինոստուդիաների հետ՝ հայ հանդիսատեսին ներկայացնելով համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմեր։

«Արմենիա Թի-Վի»-ն շարունակաբար ձեռք է բերում միջազգային ձևաչափերի բացառիկ իրավունքներ և ներկայացնում դրանք հայ հեռուստադիտողին։ Տարբեր եթերաշրջաններում հեռուստաընկերությունը ցուցադրել է այնպիսի հայտնի նախագծեր, ինչպիսիք են The Voice և The Brainest։ Բացի այդ, բանակցությունների արդյունքում, արդեն մի քանի տարի շարունակ, «Արմենիա Թի-Վի»-ն հանդիսանում է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ ֆուտբոլային մրցաշարի բացառիկ հեռարձակողը Հայաստանում։

Այս մասին նշել է հեռուստաընկերության բաժնետեր և ստեղծագործական զարգացման պատասխանատու Ռոբերտ Հովհաննիսյանը։

2009 թվականին հեռուստաընկերությունը նախաձեռնել է առաջին համահայկական «Հայրենիք–Սփյուռք. Երևան–Մոսկվա–Փարիզ–Լոս Անջելես հեռուստակամուրջ» նախագիծը, որի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից հայերը միաժամանակ միավորվեցին ուղիղ եթերում՝ հաղթահարելով տարածական մեծ հեռավորությունները։

Նույն թվականին Միացյալ Նահանգներում նկարահանվել է առաջին հայ-ամերիկյան հեռուստասերիալը՝ «Էմիգրանտները»։ Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է աննախադեպ իրադարձություն՝ հայերը մասնակցել են լեգենդար «Ֆորտ Բոյար» նախագծին։

2011 թվականին, առաջին անգամ հայկական հեռուստատեսության պատմության մեջ, ցուցադրվել են 3D ֆիլմեր։ 2012 թվականից հեռուստաընկերությունը հեռարձակում է ֆուտբոլային ամենախոշոր իրադարձություններից մեկը՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգան։